Հատված
Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությունը Երևանի քաղաքապետն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի միջոցով: Երևանի քաղաքապետարանը հաշվետու և պատասխանատու է Երևանի քաղաքապետի առջև: Երևանի քաղաքապետարանն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով ու կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, Երևանի քաղաքապետի որոշումներով ու կարգադրություններով և սույն կանոնադրությամբ: Երևանի քաղաքապետարանն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք, բանկային հաշիվ և ձևաթղթեր: Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
Երևանի քաղաքապետարանի հիմնական խնդիրն է ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ Երևանի քաղաքապետին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացումը:
Երևանի քաղաքապետարանն իր հիմնական խնդրին համապատասխան`
ա) ապահովում է քաղաքապետի գործունեության օպերատիվությունն ու արդյունավետությունը.
բ) պարբերաբար վերլուծում է Երևան քաղաքում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակը, բացահայտում հրատապ լուծում պահանջող հարցերը և այդ մասին նախապատրաստում առաջարկություններ.
գ) նախապատրաստում է Երևանի քաղաքապետի որոշումների ու կարգադրությունների նախագծերը և Երևանի քաղաքապետի կողմից հրավիրվող խորհրդակցությունում քննարկվելիք հարցերի վերաբերյալ ներկայացնում վերլուծական և տեղեկատվական բնույթի նյութեր.
դ) նախապատրաստում է Երևան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման, աշխատանքային և այլ ծրագրերի նախագծերը, վերահսկողություն իրականացնում դրանց կատարման նկատմամբ.
ե) ապահովում է Երևանի քաղաքապետի որոշումների ու կարգադրությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը և այդ մասին առաջարկություններ ներկայացնում Երևանի քաղաքապետին.
զ) ապահովում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների և ձեռնարկությունների գործունեության ուսումնասիրությունը և այդ մասին առաջարկություններ ներկայացնում Երևանի քաղաքապետին.
է) նախապատրաստում է Երևան քաղաքի տարածքում գործող հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման հետ կապված առաջարկություններ.
ը) իրականացնում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, Երևանի քաղաքապետի որոշումներով և կարգադրություններով սահմանված այլ իրավասություններ: