Հատված
Մարզպետարանը ձևավորվել է 1996 թվականին: Մարզում պետական կառավարման ոլորտի հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենքներով, ՀՀ Նախագահի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրով և այլ իրավական ակտերով: Մարզպետարանն իրագործում է ՀՀ Կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը: Կառավարության տարածքային քաղաքականությունն իրականացվում է հետևյալ բնագավառներում` ֆինանսներ, քաղաքաշինություն, բնակարանային և կոմունալ տնտեսություն, տրանսպորտ և ճանապարհաշինություն, գյուղատնտեսություն և հողօգտագործում, կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն, մշակույթ և սպորտ, բնության և շրջակա միջավայրի պահպանություն, առևտուր, հանրային սնունդ և սպասարկում: Մարզում, ըստ ՀՀ Նախագահի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի, պետական կառավարումն իրականացվում է պետական և համայնքային շահերի ներդաշնակման, ինչպես նաև մարզպետների և հանրապետական գործադիր մարմինների ու վերջիններիս տարածքային ծառայությունների համագործակցության և գործողությունների փոխհամաձայնեցման հիման վրա: