Հատված
ՀՀ-ում գինու և կոնյակի արտադրության մեջ որպես խոշոր կազմակերպություն հանդես է գալիս Երևանի կոնյակի գործարանը (ԵԿԳ), որի ռազմավարական կարևորագույն ծրագրերի մշակումը և իրականացումը կրկին վերականգնվեց 1999թ., երբ ներդրվեց հայկական կոնյակի արտադրության չափանիշների համակարգ: Ըստ այդ ստանդարտների, հայկական կոնյակ կարող է համարվել միայն այն կոնյակը, որն արտադրվել է ՀՀ-ում աճեցված խաղողից: Ընդ որում, խաղողի թորումն ու կոնյակի շշալցումը նույնպես պետք է իրականացված լինի Հայաստանում: Իհարկե, 1999 թվականին հաղթեց իշխանությունների քաղաքական կամքը և, ի հեճուկս պոպուլիստական մեղադրանքների, գործարանը 1998 թվականին բաց մրցույթում հանվեց վաճառքի: Ի վերջո, Երևանի կոնյակի գործարանի սեփականատերը դարձավ ֆրանսիական աշխարհահռչակ «Pernod Ricard» ընկերությունը: Վերջինս ոչ այնքան առանձին ընկերություն է, այլ հանդիսանում է աշխարհի խոշորագույն գինի և կոնյակ արտադրող ընկերությունների խումբ:
«Pernod Ricard» ընկերությունը ալկոհոլային խմիչքների համաշխարհային կառուցվածքում այսօր զբաղեցնում է 2-րդ տեղը: Ժամանակը ցույց տվեց, որ նման օբյեկտների սեփականաշնորհման դեպքում կարևորն ապագա սեփականատիրոջն առաջադրվող պայմաններն են ու դրանց պարտաճանաչ կատարումը: Իսկ Երևանի կոնյակի գործարանը պարտաճանաչ կատարում է ոչ միայն խաղողի մթերման և այլ հարցերի հետ կապված պարտավորությունները, այլև ապահովում է այն սկզբունքային պահանջը, որ դրվել էր հենց սեփականաշնորհման ժամանակ: Խոսքը բազային կոնյակի սպիրտի պահպանման պարտավորությունների մասին է:
2005 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԵԿԳ-ում պահուստավորված սպիրտների միջին տարիքը կազմել է 10 տարի, ինչը պայմանագրային հիմնական կետերից մեկն էր: Արդեն 7 տարվա անցյալից հետադարձ հայացք գցելով ու նաև համեմատելով ապապետականացված այլ խոշոր օբյեկտների հետ, ակնհայտ է դառնում, որ Երևանի կոնյակի գործարանի սեփականաշնորհումը Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության մեջ իրականացված խոշոր սեփականաշնորհման ամենահաջողված օրինակներից է: Կոնյակի գործարանն արդեն նոր մասնավոր սեփականատիրոջ օրոք դարձավ լավագույն օրինակն այն հիմնադրույթի, որ գործում է ողջ քաղաքակիրթ ու ազատ տնտեսություն ունեցող աշխարհում. տնտեսավարող սուբյեկտների կառավարման լավագույն ձևը մասնավոր սեփականությունն է: Սա ոչ թե սուբյեկտիվ գնահատական է, այլ` փաստերով ու թվային տվյալներով ապացուցված ժամանակագրություն ու ոլորտի պատմություն: PR-ի կողմից ԵԿԳ-ի սեփականաշնորհման արդարացվածության լավագույն ցուցանիշը, թերևս, վաճառքի ծավալն է: