Հատված
Շատ ուսումնասիրողներ Ղարաբաղյան պայքարի նոր շրջանի սկիզբը համարում են 1988-ի փետրվարի 20-ը, սակայն Ղարաբաղյան շարժումը նախապատրաստվել է երկար տարիների ընթացքում և նոր թափ ստացել 1985թ. հետո, երբ սկսվեց գորբաչովյան «վերակառուցումը»: Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելուն միտված քարոզչական աշխատանքը մարզում լայն ծավալ ընդունեց 1986թ. ամառվանից, որում ակտիվորեն ներգրավվեցին Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժնի ուսանողները: Ղարաբաղյան շարժման առաջին ակտիվիստներից Սերժ Առուշանյանը վկայում է, որ 1986թ. հուլիսին Ստեփանակերտում հիմնվել է ընդհատակյա կազմակերպություն, որը 1987-ին ստացել է «Արցախյան միություն» անունը: Այն ղեկավարում էր տասնմեկ հոգանոց կոմիտեն, որն ուներ հստակ ծրագիր և կանոնադրություն: