Հատված
Ժամանակակից գրական հայերենի լեզվական կառուցվածքի տարբեր մակարդակներում գործառում են զգալի քանակով տարբերակային ձևեր, որոնց քննությունն անհրաժեշտ է լեզվի նորմավորման ընթացքի դիտարկման, նոր ձևավորվող օրինաչափությունների բացահայտման և առհասարակ լեզվի զարգացման միտումների դիտարկման տեսանկյունից:
Զուգաձևությունները հիմնականում հանդես են գալիս գոյական և բայ խոսքի մասերի համակարգերում: Մյուս խոսքի մասերի կազմում զուգաձևություններ չկան, կամ էլ դրանց թիվը զգալի չէ: Օրինակ՝ մակբայը, կապը, շաղկապը, վերաբերականը, ձայնարկությունը չթեքվող խոսքի մասեր են, ուրեմն ձևաբանական զուգաձևություններ գրեթե չունեն. սրանցում լեզվական նորման փոփոխվում է սոսկ բառապաշարային, բառակազմական, շարադասական առումով: Շաղկապների քննությամբ առավելապես շարահյությունն է զբաղվում: Նրանց բառային կազմը համալրվում է այլ խոսքի մասերից կատարված փոխանցումներով: Եղած զուգաձևություններն էլ հիմնականում ձևաբանական -արտասանական, ձևաբանական -բառային -բառակազմական, ձևաբանական –շարահյուսական, ձևաբանական –շարադասական են: Հոլովական զուգաձևությունների քննությանը անդրադարձել են հայ լեզվաբաններից շատերը:
Մ. Աբեղյանը, զուգաձևություններին անդրադառնալով, գրում է. «Նոր կազմության ձևը մի անհատից սկսվելով սկզբում ընդունվում է, հարկավ, մի շատ նեղ շրջանում, բայց հետզհետե շատերը լսելով այդ՝ յուրացնում են…: Այսպիսով՝ նոր կազմությունը սկսվելով մի անհատից, սկզբում անսովոր և նույնիսկ սխալ է համարվում, դառնում է կիրառության սովորական և «ուղիղ» ձև, որով և լեզուն փոխվում է»:
Գ. Ջահուկյանը հոլովական համակարգում կատարվող զուգաձևությունների առկայությունը բացատրում է ձևական, իմաստային ու պատմական գործոններով: Գործոնների փոխազդեցությունն էլ, ըստ նրա, կարող է հանգեցնել միտումների համընկնման և չհամընկնելու ու խաչաձևման. վերջին դեպքում գործում են խաչաձևության դոմինանտության և խաչաձևման զուգաձևության օրենքները: Ըստ Ջահուկյանի՝ զուգաձևությունների առկայությունը հետևանք է տարբեր օրենքների ու միտումների փոխներթափանցումների:
Գրականության ցանկ
1. Աճառյան Հ., Լիակատար քերականություն հայոց լեզվի, հ. 3, Երևան, 1957:
2. Աբեղյան Մ., Հայոց լեզվի տեսություն, Երևան, 1965:
3. Աբրահամյան Ա., Բայը ժամանակակից հայերենում, Երևան, 1962:
4. Աբրահամյան Ս., Գրաբարի ձեռնարկ, Երևան, 1976:
5. Աբրահամյան Ս., Հայոց լեզվի զարգացումը սովետական շրջանում, Երևան, 1973:
6. Ասատրյան Մ., Ժամանակակից հայոց լեզու: Ձևաբանություն, Երևան, 2002:
7. Ավագյան Մ., Խոհեր մայրենի լեզվի մասին, Երևան, 1988:
8. Աղաջանյան Զ., Ձևաբանական նորմ և խոսքի մշակույթի հարցեր, Երևան, 2007:
9. Աղայան Էդ., Բարսեղյան Հ., Հայոց լեզու, Երևան, 1992:
10. Աղայան Էդ., Ժամանակակից հայերենի հոլովումը և խոնարհումը, Երևան, 1967: