Հատված
«Սասնա ծռերը» հայտնաբերել և ամբողջությամբ գրառել է Գարեգին Սրվանձտյանը 1873 թվականին Մշո Առնիստ գյուղում երեսփոխան Կրպոյից և հրատարակել Կ. Պոլսում («Գրոց ու բրոց» և «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», 1874թ.): Երկրորդ տարբերակը 1886 թվականին Էջմիածնում գրի է առել Մանուկ Աբեղյանը` Նախո քեռի Մոկացուց և հրատարակել Շուշիում («Դավիթ և Մհեր», 1889թ.): Նորանոր տարբերակներ են գրառել Գ. Հովսեփյանը, Խ. Դադյանը, Ս. Հայկունին, Ա.Աբեղյանը, Ե.Լալայանը, Կ. Մելիք–Օհանջանյանը, Ա. Ղանալանյանը և ուրիշներ:
1938-39թթ. «Սասնա ծռերի» 1000-ամյա հոբելյանի առթիվ մինչ այդ գրառված 60-ից ավելի պատումների հիման վրա Մ. Աբեղյանի, Գ.Աբովի, Ա. Ղանալանյանի խմբագրությամբ հյուսվել-կազմվել է մեկ միասնական համահավաք բնագիր («Սասունցի Դավիթ», 1939թ.): Վեպի մեկ այլ համահավաք բնագիր է կազմել Տ. Չիթունին Փարիզում («Սասունական», 1942թ.):
Ձեռնարկելով հայկական ժողովրդական էպոսի մշակումը` Իսահակյանը պատահականորեն չի ընտրել էպոսի չորրորդ ճյուղը: Դեռևս «Մասսա Մանուկը» և «Ուստա Կարոն» գրելիս բանաստեղծի պատկերացումներում Սասնա տան վերջին ժառանգը հառնել է որպես հայ աշխատավոր ժողովրդի շահերի պաշտպան: Սակայն, այնուհանդերձ, սկզբում Մհերի պատկերը դեռևս այնքան հստակ չէր ձևակերպված նրա մտքում: Դրանով պետք է բացատրել նրա վարանումներն ու տատանումները մինչև պոեմը գրելը: Հետզհետե Իսահակյանի մտածողության մեջ ավելի կոնկրետանում է Մհերը` իր սոցիալական բողոքով: Ռամկի ազատության ժամը հնչեցնող Հոկտեմբերյան հեղափոխությունը վերջ է դնում բանաստեղծի վարանումներին, և նա իրականացնում է իր վաղեմի մտահաղացումը, գրում է «Սասմա Մհեր» վիպերգը: Վերջինս 1922 թ. տպագրվում է Վիեննայում, սակայն, հեղինակը, դժգոհ մնալով գեղարվեստական կատարումից, վերամշակում է այն` տպագրելով 1938 թ. Երևանում:
Իսահակյանը հայկական ժողովրդական էպոսի մշակման գործում հանդես է բերել ինքնուրույն մոտեցում: Մանրամասների մեջ շեղվելով ժողովրդական սկզբնաղբյուրից` նա հարազատ է մնացել էպոսի էությանն ու ոգուն: Ինչպես իրավացիորեն նկատել է գրականագետ Գ. Հովհաննիսյանը, «Էպոսում հայրենի երկրի անկախության և աշխարհի վերակառուցման գաղափարները օրգանապես միաձուլված են ու հանգուցված: Այդ հանգույցից էլ սկսում է Իսահակյանը և ծավալվելով` մշակումը հագեցնում սոցիալական շերտերով: «Սասմա Մհերը» ժողովրդի հավատի ու սպասման ծնունդ է. այդ մշակումով Մհերի ճյուղը ճեղքեց էպոսի միջուկը և կյանք ելավ` զինված նոր լիցքով ու կորովով»: Հիանալի հասկանալով և ըմբռնելով պատմության ճիշտ ընթացքը, միևնույն ժամանակ հարազատ մնալով էպոսի ոգուն` բանաստեղծը դուրս է բերում Մհերին Ագռավու Քարից որպես աշխատավոր ժողովրդի իրավունքների պաշտպանի: Եթե Դավիթը հիմնականում պայքարում է օտար նվաճողների դեմ` պաշտպանելով իր երկրի անկախությունը, ապա նրա որդին` Մհերը, ձգտում է իրականացնել մարդկության դարավոր երազանքը: Այս իմաստով կարելի է ասել, որ Թումանյանի և Իսահակյանի` էպոսի մշակումները լրացնում են միմյանց:
Գրականության ցանկ
1. Աբեղյան Մ., Հայ ժողովրդական վեպը, Թիֆլիս, 1908:
2. «Ազգային դյուցազնական աշխարհ», Թիֆլիս, 1880:
3. Բալասանյան Գր., Ասլի Մելիք և Սանասար, Թիֆլիս, 1898:
4. Բալասանյան Գր., Առյուծաձև Մհեր, Մոսկվա, 1889, Սասունցի Դավիթ, Թիֆլիս, 1904:
5. Բալասանյան Գր., Սասունցի Դավիթ, Թիֆլիս, 1904:
6. Գրիգորյան Գ., Էպոսի ժանրային հատկանիշները, Երևան, 1985:
7. Դոլուխանյան Ա., Հայ գրականության պատմություն, Երևան, 2006:
8. Դոլուխանյան Ա., Հայ գրականության պատմություն, Երևան, 2006:
9. Եղիազարյան Ա., «Սասնա ծռերի» պոետիկան, Երևան, 1999: