Հատված
Գների կայունություն բառացիորեն չի նշանակում անփոփոխ գներ, այլ նշանակում է գների դանդաղ և կայուն աճ: Հետևաբար կենտրոնական բանկը պետք է նպատակադրի ոչ թե զրոյական, այլ չափավոր գնաճ: Վերջինս բնականոն երևույթ է և կարող է պայմանավորվել հետևյալ գործոններով: Նախ, գնաճը չափվում է սպառողական զամբյուղի միջոցով, որում ընդգրկված ապրանքների կշիռները համաձայն գնաճի հաշվարկման միջազգային մեթոդաբանության որոշակի ժամանակահատվածի (մի քանի տարիների) ընթացքում պահվում են կայուն: Այս պարագայում, եթե զամբյուղում ընդգրկված որևէ ապրանքի գին աճում է, ապա բնակչությունը կարող է կրճատել տվյալ ապրանքի սպառումը` մեծացնելով դրան փոխարինող ապրանքի սպառումը, որի գինն ավելի ցածր է: Արդյունքում վիճակագրորեն կգրանցվի գնաճ, սակայն իրականում թանկ ապրանքի սպառումը կփոխարինվի առավել էժան ապրանքի սպառմամբ` չթանկացնելով սպառման իրական զամբյուղը: Երկրորդ` գնաճը կարող է պայմանավորվել սպառողական զամբյուղում ընդգրկված ապրանքների որակական փոփոխությամբ, երբ բնակչությունը սկսում է սպառել զամբյուղում ընդգրկված ապրանքացանկի առավել որակյալ տարատեսակները: Երրորդ, գների չափավոր աճը նպաստում է արտադրության ծավալների ընդլայնմանը և տնտեսության զարգացմանը և ընդհակառակը` գնանկումը կարող է նվազեցնել արտադրության խթանները: Գների այն մակարդակը, որը տվյալ երկրի տնտեսության առանձնահատկություններից ելնելով առավել համապատասխանում է գների կայունության վերոնշյալ սահմանմանը, ընտրվում է որպես գնաճի նպատակային մակարդակ կամ գնաճի թիրախ: Նոր ռազմավարությամբ կենտրոնական բանկը, որպես անվանական խարիսխ դիտարկում է գնաճի կանխատեսված մակարդակը: Որպես գործառնական նպատակ հանդես է գալիս կարճաժամկետ տոկոսադրույքը, չնայած այն հանգամանքին, որ կենտրոնական բանկը ֆինանսական կայունության ապահովման համար ռազմավարության ընդունման առաջնային փուլում կիրառում է նաև ծավալային գործիքներ: Ռազմավարության փոփոխության հետ մեկտեղ փոփոխվեցին միջանկյալ ու գործառնական նպատակները: Որպես միջանկյալ նպատակ ընտրվեց գնաճի կանխատեսվող մակարդակը, իսկ որպես գործառնական նպատակ՝ կարճաժամկետ տոկոսադրույքը: Նոր ռազմավարության պայմաններում փողի բազայի կամ զանգվածի ցուցանիշները ունեն բացառապես տեղեկատվական և վերլուծական նշանակություն: Քաղաքականության համար առաջնային կարևորության ցուցանիշներ են դիտարկվում վերաֆինանսավորման և միջբանկային կարճաժամկետ տոկոսադրույքները: Այսպիսով, կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքի միջոցով ազդում է միջբանկային կարճաժամկետ տոկոսադրույքի վրա՝ վերջինիս գնաճի թիրախային ցուցանիշին համահունչ մակարդակ ապահովելու համար: Գնաճի նպատակադրման ռազմավարության պայմաններում կենտրոնական բանկը մակրոտնտեսական փոփոխականների կարգավորման նպատակով ձգտում է հիմնվել մեծամասամբ ֆինանսական շուկայի գնային փոփոխականների վրա, չնայած սկզբնական փուլում կիրառում է նաև ծավալային գործիքներ:
Գրականության ցանկ
1. «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենք Երևան 1996թ.
2. «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենք, Երևան 1996թ.
3. ՀՀ ԿԲ վիճակագրական տեղեկագրեր
4. ՀՀ ԿԲ տարեկան համառոտ հաշվետվություններ, Երևան, 2008-2018թթ.:
5. ՀՀ Կառավարության հակաճգնաժամային միջոցառումների իրականցման ամփոփ հաշվետվություն
6. Ա. Մարկոսյան, «Տնտեսագիտություն բոլորի համարե, «Տիգրան Մեծե, Երևան 2001թ.,
7. …