Հատված
Հասարակական հարաբերությունների հետագա զարգացումը, ժողովրդավարության արմատավորման նոր խնդիրները, Եվրոպայի խորհրդին անդամակցելու համար ստանձնած իրավական բարեփոխումների պարտավորությունները թելադրեցին սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների իրականացում: ՀՀ՝ միջազգային ինտեգրման ձգտումը և դրա համար գործադրվող ջանքերը հարկադրում էին առավել խորին կերպով ըմբռնել այն հիմնարար արժեքները, որոնք դրված էին եվրոպական երկրների միջպետական իրավահարաբերությունների հիմքում՝ հատկապես մարդու իրավունքների բնագավառում: 1990թ. օգոստոսի 23-ին ՀՀ ԳԽ-ն ընդունեց «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը», որով ճանաչվեց իրավական, ժողովրդավարական, սոցիալական, իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա գործող պետության կառուցման անհրաժեշտությունը: Իրական անկախության ձեռբերմանը հաջորդեց տարբեր տնտեսական, միջազգային խնդիր-ների առաջացումը, որոնց պայմաններում դատաիրավական բարեփոխումների անցկացումը ուղղակի հնարավոր չէր՝ մանավանդ, սպասվում էր Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունումը:1991 – 1998թթ. դատարանակազմության մեջ կատարված փոփոխաթյուններից ու լրացումներից կարևոր նշանակություն ունեին միայն կոլեգիալության սկզբունքից հրաժարվելը, ժողովրդական ատենակալների ինստիտուտի մասնակի վերացումը և ՀՀ Գերագույն դատարանի քրեական կոլեգիայի՝ օրինական ուժի մեջ չմտած դատավճիռները վճռաբեկության կարգով Գերագույն դատարանի նախագահությանը գանգատարկելու և բողոքարկելու արգելքի վերացումը: 1995թ. հուլիսի 5-ին նոր Սահմանադրության ընդունումը ժողովրդավարական և իրավական պետության կառուցման պահանջներին համապատասխան, հռչակեց օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքը՝ դրանով իսկ դառնալով Հայաստանում դատաիրավական բարեփոխումների առաջին փուլի իրականացման հիմքը։ Արդեն 1996թ. նոյեմբերի 8-ին հրապարկվեց ՀՀ նախագահի հրամանագիրը «ՀՀ դատաիրավական բարեփոխումների մասին»։ Բացի այդ, ընդունվեցին նաև քաղաքացիական, քաղաքացիական դատավարության, քրեական դատավարության օրենսգրքերը, որոնք ուժի մեջ մտան արդեն 1999թ. հունվարի 12-ից։ Այսպիսով նոր օրենսդրությանը համապատասխան՝ ՀՀ նախկին ժողդատարաններից և Գերագույն դատարանից բաղկացած երկաստիճան դատական համակարգից անցում կատարվեց առաջին ատյանի դատարաններից, վերաքննիչ դատարաններից և Վճռաբեկ դատարանից կազմված եռաստիճան դատական համակարգի։
Գրականության ցանկ
1. Գալստյան Խ., «Քաղաքական երկխոսության ինստիտուցիոնալացման հիմնախնդիրները ՀՀ-ում», «Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն», Երևան, 2016, № 3 (21):
2. Հայաստանի Հանրապետության գործող օրենքների ժողովածու (1990 – 1995թթ.), ՀՀ Գերագույն խորհուրդ, Երևան, 1995:
3. ՀՀ գործող օրենքների ժողովածու (1990 – 1995թթ.), Երևան, 1995:
4. Քալանթարյան Էդ., «Կառավարման ձևերի կերպափոխման միտումները հետխորհրդային երկրներում» // «Բանբեր Երևանի համալսարանի. Միջազգային հարաբերություններ, Քաղաքագիտություն», 2019, № 1 (28):
5. Քեռյան Գ., «Բազմակուսակցության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում 1990 — 2000» // «Բանբեր Երևանի համալսարանի», 2 (104), Երևան, 2001:
6. Енгибарян Р., «Конституционное развитие в современном мире: Основные тенденции», Москва, 2007.
7. …