Հատված
Ինչպես հայտնի է, օտար լեզուն, հանդիսանալով այդ լեզուն կրող ժողովրդի մշակույթի էական տարր և այլ ժողովուրդներին այդ մշակույթը փոխանցելու միջոց, նպաստում է աշխարհի ամբողջական պատկերի ձևավորմանը և միջմշակութային հարաբերությունների ամրապնդմանը: Օտար լեզուներին տիրապետելը հանգեցնում է դպրոցականների հումանիտար կրթության մակարդակի բարձրացմանը՝ նպաստելով սոցիալացմանը բազմամշակութային աշխարհի պայմաններում: Օտար լեզվի ուսուցումը նպաստում է նաև հաղորդակցական կարողությունների ձևավորմանը՝ աջակցելով սովորողի ընդհանուր խոսքային կարողությունների զարգացմանը:
Օտար լեզուների ուսուցումը ժամանակ և ջանքեր պահանջող բարդ գործընթաց է և նույնիսկ ընդունակությունների և նորագույն մեթոդների կիրառումը միշտ չէ, որ հանգեցնում է ցանկալի արդյունքների: Դրա պատճառն այն է, որ լեզվական գիտելիքները չեն փոխանցվում անմիջականորեն ուսուցչից աշակերտին, ինչպես նախկինում էին կարծում, այլ ձևավորվում են անձնականապես նշանակալից գործունեության ընթացքում:
XX դարի 80-90-ական թթ. առաջ քաշվեց կրթության դեմոկրատացման սկզբունքը, որի արդյունքում փոխվեց մանկավարժական տեսլականը. աշակերտը այլևս չէր դիտարկվում որպես մանկավարժական ներգործության օբյեկտ՝ ուսուցչի հետ միասին ձեռք բերելով ուսումնադաստիարակչական գործընթացի սուբյեկտի կարգավիճակ: Առաջ քաշվեց անձակենտրոն մոտեցումը, այդ թվում օտար լեզուների ուսուցման բնագավառում:
Ըստ անձակենտրոն մոտեցման, որը ուսումնական գործընթացի կենտրոնում դնում է աշակերտի անհատականության հաշվառումը, շեշտը պետք է դրվի հաղորդակցական իրազեկության զարգաման վրա, որը իր հերթին պետք է ապահովի դպրոցականների կողմից օտար երկրի մշակույթի հետ առնչվելը, ինչը կնպաստի սեփական երկրի մշակույթի ավելի խորը ըմբռնմանը, այն օտար լեզվով ներկայացնելու կարողությանը՝ ընդգրկելով դպրոցականներին տարբեր մշակույթների երկխոսության մեջ:
Ինչպես նշվում է «Անգլերեն» առարկայի հանրակրթական ավագ դպրոցի չափորոշիչներում և ծրագրերումե, ժամանակակից լեզվական կրթության և օտար լեզուների ուսուցման առանձնահատկություններն են.
ա) միջմշակութայնությունը. օտար լեզվի ուսումնասիրությունը նպաստում է ժողովուրդների փոխըմբռնմանը: Դպրոցականների հաղորդակցական իրազեկության զարգացումը հնարավորություն է տալիս նրանց իրավահավասար գործընկեր լինել օտար լեզվով միջմշակութային հաղորդակցության գործընթացում,
բ) միջառարկայականությունը. օտար լեզվով խոսքի բովանդակությունը կարող է պարունակել գրականությանը, արվեստին, պատմությանը, աշխարհագրությանը, մաթեմատիկայն և այլն վերաբերող տվյալներ, ինչը մեծացնում է օտար լեզուների, որպես հաղորդակցության միջոցի, իմացության արժեքը,
գ)միջառարկայական ինտեգրումը. օտար լեզվի և մյուս առարկաների միջառարկայական կապերը նպաստում են աշակերտների կողմից աշխարհի ամբողջական ընկալմանը՝ խթանելով սովորողների ճանաչողական և ստեղծագործական գործունեությունը,
դ)բազմամակարդակությունը. մի կողմից լեզվական միջոցների տիրապետման անհրաժեշտություն, մյուս կողմից՝ հաղորդակցական կարողությունների ձևավորում, ավելին՝ օտար լեզվի օգտագործումով որևէ հանրօգուտ գործունեության ծավալում, ե) բազմագործառնությունը. կարող է հանդես գալ և՛ որպես ուսուցման նպատակ, և՛ որպես միջոց՝ գիտելիքների տարբեր բնագավառներից տեղեկություններ քաղելու համար: