Հատված
1970-ական թթ. Պարսից ծոցը աշխարհի ամենալարված տարածաշրջաններից էր: Ծոցի արաբական միապետությունները՝ ՍԱ, ԱՄԷ, Քուվեյթը, Կատարը, Բահրեյնն ու Օմանը, 20-րդ դարի վերջին տասնամյակներում հայտնվել էին համաշխարհային տնտեսության և քաղաքականության կենտրոնում։ Այս 6 երկրներին բաժին է ընկնում նավթի համաշխարհային պաշարների գրեթե 40%-ը: Ի սկզբանե ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր նպատակը անվտանգության համակարգումն էր տարածաշրջանում՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ՝ Իրան-իրաքյան պատերազմ, արաբա-իսրայելական համակարտություն, քեմփ-դևիդյան համաձայնագիր, նավթային ճգնաժամեր, ԱՄՆ-ԽՍՀՄ հակամարտություն տարածաշրջանում և այլն:
1970-1980-ական թթ. Ծոցի շրջանում գոյություն ունեին երկու ուժային կենտրոններ` Իրաքը և Իրանը, իսկ արաբական միապետությունները ամրապնդում էին իրենց նոր ձեռք բերած անկախությունը, փորձում էին ձևավորել ազգային և նավթային քաղաքականություն: Միաժամանակ երրորդ կարևոր կենտրոնը Սաուդյան Արաբիան էր: Վերը նշված երկու երկրներն էլ ունեին տարածքային վիճահարույց խնդիրներ արաբական վեցնյակի հետ և միաժամանակ ձգտում էին արաբական միապետություններին վերցնել իրենց ազդեցության տակ: Նրանք, համեմատած Ծոցի միապետությունների, խիտ բնակեցված էին, ունեին հզոր բանակ, բավականին զարգացած տնտեսություն և նավթադոլլարների բավականին բարձր եկամուտ: Պետք է նկատի ունենալ, որ դեռևս երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին Մերձավոր և Միջին Արևելքում ԱՄՆ-ի ամբողջ քաղաքականությունն ուղղված էր իր տնտեսական, քաղաքական և ռազմավարական դիրքերի ընդլայնմանն ու ամրապնդմանը: ԱՄՆ-ի հետաքրքրությունը այս ստրատեգիական գոտու նկատմամբ պայմանավորված էր մի շարք դրդապատճառներով և տարածաշրջանի երկրների շահերի բախումով, քանի որ ԱՄՆ ձգտում էր հսկողություն ունենալ տեղական պետական ռեժիմների վրա և նրանց հավատարիմ վիճակում պահել, մուտք ունենալ Ծոցի երկրների նավթային պաշարներին /Մերձավոր Արևելքում արդյունահանվում է նավթի համաշխարհային արտադրության մոտ 30 %-ը/։
Բացի այդ, Ծոցի համագործակցության խորհուրդը նկատելիորեն ազդում է Մերձավոր Արևելքի քաղաքական իրավիճակի վրա, համարյա թե ոչ մի որոշում չի կայացվում առանց Սաուդյան Արաբիայի մասնակցության, որը համագործակցության խորհրդի ամենաազդեցիկ և հարուստ երկիրն է: Ս. Արաբիայում են գտնվում Մեքքան և Մադինան, ուր ամեն տարի մուսուլմանները հաջ են կատարում: Ծոցի երկրների համագործակցության խորհուրդը մուսուլմանական աշխարհի կարևոր մասնիկն է:
Գրականության ցանկ
1. Կարապետյան Ռ., Սիրիա-ամերիկյան հարաբերությունները (1967-1996), Երևան 2000
2. Հովհաննիսյան Ն, «Արաբական երկրների պատմություն», հ. 3, Երևան, 2006
3. Գոմցյան Ս., Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև առկա հակասությունների հիմքերը, www.armedia.am/?action=ForeignWorld&what=show&id=1247166593&lang=arm
4. Խատամի-Տիրգորդի, Ֆրիկ (2005) Իրան-Իրաքյան պատերազմը և ԱՄՆ-ը 1980-1988թթ. Կանթեղ. Գիտական հոդվածների ժողովածու, № 3. էջ 211-219, http://kantegh.asj-oa.am/712/
5. Հարությունյան Ե., Ճապոնիայի քաղաքականությունը Պարսից ծոցի տարածաշրջանում եվ Ծոցի համագործակցության խորհուրդը (1981-2011 թթ.), պ.գ.թ. գիտական աստիճանի հայցման ատենախոսության սեղմագիր, Ե., 2014
6. Ոսկանյան Ս․, 1979թ. հեղափոխությունը Իրանում և սաուդա-իրանական մրցակցության սկիզբը՝ իսլամական գերիշխանության համար, Արևելագիտության հարցեր (Գիտական հոդվածների պարբերական ժողովածու) N 9, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2015, էջ 98-106