Հատված
Հասարակական և քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում ներկայումս իրականացվող լուրջ փոփոխությունների մասն են կազմում դատաիրավական բարեփոխումները, որոնք մեր հանրապետությունում շարունակվում են մինչև օրս: Օրենսդրությանը, մասնավորապես ներկայիս քրեական դատավարությանը բնորոշ մրցակցության սկզբունքը, նոր պահանջներ է դնում նախաքննության մարմինների առջև: Այդ պահանջները վերաբերում են նաև քննչական գործողությունների որակյալ, օրենքի խստիվ պահպանմամբ և տակտիկական հնարքների ճիշտ կիրառմամբ կատարմանը, քանզի ցանկացած, նույնիսկ առաջին հայացքից աննշան թվացող խախտում, շեղում կամ անճշտություն կարող է քննարկվել և վիճարկվել դատարանում, ստվեր գցել գործով ձեռք բերված մյուս ապացույցների վրա: Քննչական գործողությունների հասկացության, համակարգի, կատարման պայմանների և դատավարական կարգի հարցերը մշտապես գտնվել ու գտնվում են դատավարագետների ուշադրության կենտրոնում: Քրեական դատավարության տեսության մեջ քննչական գործողությունները բնորոշվել են որպես քրեադատավարական օրենքով մանրամասնորեն կարգավորված և ապացույցների հավաքման (ամրապնդման) նպատակով կիրառվող գործողություններ, որոնք ունեն իմացողական և հավաստագրական տեսանկյուններ (կողմեր) և ընդգրկում են հանցագործության հետքերի առանձնահատկություններին համապատախանող, իմացության ընդհանուր գիտական մեթոդների յուրահատուկ զուգորդմամբ պայմանավորված, փոխկապակցված գործառնությունների համակարգ: Տեսության մեջ շարունակում են վիճելի մնալ ինչպես քննչական գործողությունների հասկացության բնորոշման, այնպես էլ դրանց համակարգը կազմող գործողոթյունների շրջանակի հարցերը: ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը չի կարգավորում այդ հարցերը և չի համակարգում քննչական գործողություններին ներկայացվող ընդհանուր պահանջները: Ճանաչման ներկայացնելը մյուս քննչական գործողություններից համեմատաբար ուշ է ստացել ինքնուրույն քննչական գործողության` կարգավիճակ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի փոխներգործության արդյունքում: Քննչական այս գործողությունը լայն կիրառում է ստացել և հաճախ է կատարվում սպանությունների, ավազակային հարձակումների, բռնաբարությունների, անձի դեմ ուղղված այլ ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի քննության ընթացքում: Դատավարական օրենքն այս գործողության կատարման համար բավականին բարդ ընթացակարգ է նախատեսում և պրակտիկայում այն հաճախ կատարվում է դավարական և տակտիկական բնույթի սխալներով: Մատնանշված հանգամանքներով էլ պայմանավորված է սույն աշխատանքի ուսումնասիրության արդիականությունը:
Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծ: Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության պաշտոնեական կայքէջ:
2. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք, ընդունվել է 01.07.1998, ուժի մեջ է մտել 12.01.1999, ՀՕ-248:
3. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք, ընդունվել է 18.04.2003, ուժի մեջ է մտել 01.08.2003, ՀՕ-528-Ն:
4. Քրեական գործ 48209797 (57210896), գ.թ. 14-16,17-20, 103-104, 279, 287 (ՀՀ վճռաբեկ դատարանի արխիվ):
5. ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերի պալատի որոշումների ժողովածու (1999-2000թ.թ.), Երևան, 2002:
6. Թիվ ԵԿԴ/0059/01/14 քրեական գործով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը (http://www.datalex.am/):
7. Ավագյան Ն. Մ., Նազարեթյան Կ. Լ., Թորոսյան Ա. Ս., Դատական բժշկություն դասընթաց, Երևան, 1978:
8. Արզումանյան Ս., Գրին Է., Իրավաբանական հոգեբանություն, Երևան, Զանգակ հրատ., 2004:
…