Հատված
Հայաստանի անցումը նոր տնտեսական հարաբերությունների կենսական անհրաժեշտություն և անխուսափելի իրողություն դարձրեց երկրի ինտեգրացումը համաշխարհային տնտեսությանը: Ինտեգրացումը տեղի է ունենում կառավարության, մասնավոր ընկերությունների և անհատ ձեռներեցների մակարդակներով: Այս բոլոր մակարդակներում կարևորվում են միջազգային բիզնեսի տարբեր դրսևորումները և գործընթացները: Առանց միջազգային բիզնեսի իմացության գրեթե անհնար է հասկանալ և գնահատել Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, մակրո- և միկրոտնտեսական գործընթացներն ու միտումները և շուկայական զարգացումները:
Անկախության ձեռքբերումից հետո Հայաստանի գործարարները սկսեցին փնտրել բիզնեսի նոր, հեռանկարային ուղղություններ և իրականացման ուղիներ: Բնականաբար, նրանցից շատերը ներգրավվեցին արտահանման, ներմուծման, արտաքին առևտրի և միջազգային բիզնեսի իրականացման այլ ձևերի մեջ: Հայաստանի ձեռնարկչատերերը, կառավարությունը և, ընդհանրապես, հասարակությունը գիտակցեցին, որ երկրի տնտեսական կենսունակությունը և նույնիսկ գոյատևումը հնարավոր է միայն միջազգային տնտեսական հարաբերությունների հաստատման, աշխատանքի համաշխարհային բաժանմանը արդյունավետ մասնակցության, օտարերկրյա ներդրումների ներգրավման և երկրի միջազգային ինտեգրացումը խորացնելու պարագաներում: Զարմանալի չէ, որ միջազգային բիզնեսն այսօր Հայաստանի հասարակության լայն շերտերի հետաքրքրության առարկան է: Որպես հետևանք, բարձրագույն ուսումնական հաստատություններում բացվում են համապատասխան ամբիոններ, իսկ ուսումնական ծրագրերում ընդգրկվում են միջազգային բիզնեսին առնչվող և դրան հարակից առարկաներ:
Գրականության ցանկ
1. Hill, Charles W.L., International Business: Competing in the Global Marketplace, McGraw-Hill, 2000
2. Sibert Horst, Aussenwirtschaft, Stuttgart, 1994
3. Sibert Horst, Weltwirtschaft, Stuttgart, 1996
4. SPIEGEL-ONLINE — http://www.spiegel.de
5. “Как делать бизнес в Европе” В. Хойер, Ереван 1994