Հատված
Գինը և գնագոյացումը շուկայական տնտեսության առանցքային տարրերն են: Գները սպասարկում են ապրանքների ձեռքբերման և իրացման ողջ շրջանառությունը: Գնի մեջ կենտրոնանում են շուկայական տնտեսության այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են` պահանջարկը, առաջարկը, պահանջմունքները, մարքեթինգային առաջարկությունները և այլն: Գինն ապրանքը բնութագրող ցուցանիշ է, որ հավասարապես հաշվի է առնում ապրանքափոխանակության գործընթացի բոլոր մասնակիցների` արտադրողների և սպառողների շահերը: Ապրանքների և ծառայությունների համար սահմանվող գինն անվանում են տարբեր կերպ:
Գնի և գնագոյացման օրինաչափությունների ուսումնասիրությունը հիմնվում է տնտեսագիտական ժամանակակից տեսության վրա: Գնի տնտեսագիտական էության առնչությամբ գոյություն ունեն տարբեր հայացքներ: Տնտեսագետների մեծ մասի կարծիքները միասնական են. գինն ապրանքի արժեքի դրամական արտահայտությունն է: Ընդ որում գոյություն ունի գնի որոշման երեք հենքային մոտեցում.
• գինը ստեղծվում է անհրաժեշտ աշխատաժամանակով և բնութագրվում ծախսերով (արժեքի աշխատանքային տեսություն` Ա. Սմիթ, Դ. Ռիկարդո, Կ. Մարքս),
• արժեքը կարգավորվում է վերջնական արդյունքի սահմա- նային օգտակարությամբ (ապրանքի առկա միավորներից վերջինի արժեքավորությամբ), սուբյեկտիվորեն գնահատվում գնորդի և վաճառողի կողմից, ընդ որում յուրաքանչյուր հաջորդ միավորի հավելաճով դրա օգտակարությունը նվազում է (սահմանային օգտակարության տեսություն` Ու. Ջևոնս, Կ. Մենգեր, Ե. Բեմ-Բավերկ),
• արժեքը նմանապես որոշվում է արտադրանքի ծախսերով և օգտակարությամբ (նորդասականտեսություն` Ա.Մարշալ):