Հատված
Շուկայական հարաբերությունների պայմաններում տնտեսության զարգացման գործում առանցքային դեր և նշանակություն ունի երկրի հարկային համակարգը, որի արդյունավետ գործունեությամբ են մեծապես պայմանավորված սոցիալ-տնտեսական բնույթի բազմաթիվ խնդիրների լուծումը: Հարկային համակարգի ձևավորման սկզբունքները և կիրառվող մոտեցումները հանդիսանում են կարևոր նախապայման հարկային քաղաքականության միջոցով տնտեսության զարգացման համար անհրաժեշտ միջավայրի և համապատասխան նախադրյալների ստեղծման գործում: Ըստ էության, հարկային քաղաքականության առջև ծառացած խնդիրների լուծման և հիմնական նպատակների ձեռք բերման գործում կարևոր նշանակություն ունի հարկային վարչարարությունը, որը հարկային մարմինների կողմից օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասությունների և գործառույթների շրջանակներում իրականացվող գործունեությունն է` ուղղված հաստատված հարկային մուտքերի հավաքագրմանը, հարկային պարտավորությունների ճշգրիտ հաշվարկմանը, հարկային օրենսդրության պահանջների անվերապահ կատարմանը, հարկային մարմնի խնդիրների իրագործմանը, հարկային ներուժի գնահատմանը և այլն: Ակնհայտ է, որ հարկային վարչարարության կատարելագործմամբ են մեծապես պայմանավորված բյուջետային եկամուտների ապահովումը և պետության գործառույթների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական բազայի ձևավորումը: