Հատված
Թանգարանային էքսկուրսիան Հայաստանում կենտրոնացած է հիմնականում մայրաքաղաք Երևանում, քանի որ մշակութային օջախները՝ թանգարաններն ու պատկերասրահները կենտրոնացած են մայրաքաղաքում: Մարզերում եթե անգամ կան թանգարաններ, ապա դրանց դռները բացվում են շատ հազվադեպ՝ այն էլ միայն համապատասխան օրերին: Էքսկուրսավարի կարիք կամ չի լինում, կամ էլ այդ դերը ստանձնում է դռնապանը կամ թանգարանի միակ աշխատակիցը: Լեզուների իմացության մասին այստեղ խոսելն ավելորդ է, քանի որ մարզերում թանգարանների հիմնական այցելուները տվյալ մարզի աշակերտներն են: Մայրաքաղաքի թանգարաններում պատկերն այլ է: Երևան քաղաքում տարվա բոլոր եղանակներին զբոսաշրջիկների հոսքեր են նկատվում, որոնք այցելում են նաև թանգարաններ ու պատկերասրահներ: Զբոսաշրջիկներին մեր հայրենիքի մշակույթին ու մշակութային ժառանգությանը ծանոթացնելու համար անհրաժեշտ են էքսկուրսավարներ, ովքեր կտիրապետեն մասնագիտական բոլոր հմտություններին: Այս բաժնում մենք կխոսենք էքսկուրսավարի մասնագիտական հմտությունների մասին: Բայց նախ հարկ ենք համարում ներկայացնել էքսկուրսավարին: Էքսկուրսավարը այն մասնագետն է, ով ներկայացնում է մշակութային արժեքներն ու շրջակա միջավայրի պատմությունը: Թանգարանային էքսկուրսավարը ներկայացնում է տվյալ թանգարանի ցուցանմուշների պատմությունն ու բովանդակությունը, դրանց ձեռքբերման, տեղափոխման և դրանց հետ կապված այլ պատմություններ: Նրա ղեկավարության ներքո են անցնում թանագարան կատարվող այցելությունների մեծ մասը: