Հատված
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Եվրոպայի խորհրդի մարմիններից է: Դատարանը, ինչպես ցանկացած միջազգային մարմին, ստեղծվել է միջազգային համաձայնության հիման վրա` 1959թ.:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մշտական հիմունքներով գործող մարմին է: Դատարանի դատավորների թիվը պայմանավորված է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվով: Ընդ որում, հաշվի են առնվում այն անդամները, որոնք ոչ միայն ստորագրել են Խորհրդի կանոնադրությունը, այլև ստորագրել և արդեն վավերացրել են Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան: Դատավորները Դատարանի աշխատանքին մասնակցում են անձնապես: Գործնականում սա նշանակում է, որ նրանք պետք է լինեն անկախ և անաչառ, այս կամ այն գործի լուծմանն առնչվող հարցերով ցուցում չստանան իրենց ազգային իշխանության մարմիններից: Դատարանն իրավասու է քննության առնելու և լուծելու միայն այն իրավունքների և ազատությունների խախտման վերաբերյալ գանգատները, որոնց պաշտպանությունը երաշխավորված է 1950 թվականի Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով /եվրոպական կոնվենցիայով/ և դրան կից արձանագրություններով: Դա նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ևս կարող Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմել Եվրոպական կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով նախատեսված հիմքերով և պայմաններով: ՄԻԵԴ դիմելու պայմաններից է, որ գանգատը պետք է ներկայացվի ներպետական համապատասխան մարմնի կողմից վերջնական որոշում կայացնելու օրվանից հետո` վեց ամսվա ընթացքում: Պայման է նաև այն, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննության չի ընդունում ոչ մի անհատական գանգատ, եթե անանուն է կամ ըստ էության վերաբերում է այն նույն հարցին, որը Դատարանն արդեն քննել է, կամ որն արդեն հանձնվել է միջազգային քննության կամ կարգավորման այլ ընթացակարգի և չի բովանդակում գործին առնչվող նոր տեղեկություններ:
ՄԻԵԴ ներկայացվող գանգատին պետք է կցվեն գործին առնչվող բոլոր փաստաթղթերի և, մասնավորապես, գանգատի առարկայի հետ կապված դատական կամ այլ որոշումների պատճենները: Բացի դրանից, դիմումատուները Դատարան պետք է ներկայացնեն նաև իրենց պահանջները հիմնավորող փաստաթղթերն ու որոշումները, գանգատում նշեն, թե արդյո՞ք հանձնել են իրենց գանգատները միջազգային քննության կամ կարգավորման որևէ այլ ընթացակարգի: Եթե Դատարան ներկայացվող գանգատի հեղինակը տարբեր պատճառներով չի ցանկանում հրապարակել իր ինքնությունը, ապա այդ մասին նա պետք է նշի և շարադրի դրա պատճառները: Պալատի նախագահը կարող է, ելնելով կոնկրետ հանգամանքներից, թույլատրի, որ բացառիկ և պատշաճորեն հիմնավորված դեպքերում գանգատատուի անանունությունը պահպանվի: ՄԻԵԴ վճիռների ցանկում կարելի է հանդիպել այնպիսի վերնագրերի, ինչպիսիք են «S.W.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը» և այլն:
Գրականության ցանկ
1. Марк Дженис, Ричард Кэй, Энтони Брэдли Европейское право в областиправ человека: практика и комментарии. Будапешт, 1997:
2. Туманов В.А. Европейский Суд по правам человека. Очерк органи- зации и деятельности. М., 2001: