Հատված
Դրամական հոսքերի կարևորագույն հատկանիշներից մեկը դրանց բաշխվածությունն է ժամանակի մեջ: Կարճաժամկետ վերլուծությունների ժամանակ (մինչև 1 տարի) և կայուն տնտեսության պայմաններում այդ հատկանիշն աննշան ազդեցություն ունի, և դա հաճախ անտեսում են: Ձեռնարկության արտադրանքի իրացման տարեկան ծավալը որոշելու համար ուղղակի գումարում են հաշվետու տարվա յուրաքանչյուր ամսվա հասույթները: Սակայն առավել երկարատև ժամանակահատվածում և ուժեղ արժեզրկման պայմաններում լուրջ խնդիր է տվյալների համադրումը, այսինքն` տարբեր ժամանակահատվածներում միևնույն ցուցանիշների համեմատության նպատակով դրանց համարժեքության ապահովումը: Միևնույն անվանական արժեքով գումարը, որը ձեռնարկությունը ստանում է 1 և ավելի տարիների ժամանակահատվածներով, նման պայմաններում ձեռնարկության համար կունենա տարբեր իրական արժեքներ: