Հատված
Գեղարվեստական ոճի խնդիրը իրականության գեղագիտական վերարտադրումն է, հետևաբար «գրականության մեջ իրականության տեսանելի, պատկերավոր արտացոլումը, որը հենված է հուզական ընկալման վրա, առանձնահատուկ պահանջներ է առաջադրում լեզվի նկատմամբ»: Այս իմաստով` լեզվում հատուկ կարևորություն են ստանում պատկերավորման այն միջոցները, որոնց օգնությամբ հնարավոր է դառնում առավել գունեղ ներկայացնել պատկերվող կյանքի առարկաներն ու երևույթները: «Պատկերավորման ու արտահայտչական միջոցների օգնությամբ,– գրում է Ա. Մարությանը,– գրողը ոչ միայն իրական ու շոշափելի է դարձնում մտքի առարկան, ընթերցողի երևակայության մեջ առաջ է բերում համապատասխան մտապատկերներ՝ ազդելով նրա երևակայության վրա, այլև նկարագրվող երևույթը դարձնում է վառ ու տպավորիչ, ուժեղացնում բանաստեղծական խոսքի հուզական ներգործությունը»: Լեզվի պատկերավորման միջոցները սովորաբար բաժանվում են երկու խմբի` այլաբերություններ (տրոպ) և բանադարձումներ (ֆիգուրա): «Այլաբերությունները բառային միավորներ են, որոնք կառուցվում են բառերի ու բառակապակցությունների միջոցով, իսկ բանադարձումներն ավելի շատ հենվում են շարահյուսական տարբեր կառույցների վրա»: Ի տարբերություն այլաբերությունների, որոնց դեպքում առաջնայինը բառերի փոխաբերական դրսևորումներն են, ոճական բանադարձումների դեպքում առաջնայինը ոչ թե բառի փոխաբերական կամ այլաբանական կիրառությունն է, այլ յուրահատուկ հնչերանգը, արտասանական առոգանությունը:
Գրականության ցանկ
1. Եզեկյան Լ., Հայոց լեզվի ոճագիտություն (ուսում. ձեռնարկ), Երևան, 2003:
2. Էլոյան Ս., Ժամանակակից հայերենի բառային ոճաբանություն, Երևան, 1989:
3. Իշխանյան Ռ., Արևելահայ բանաստեղծության լեզվի պատմություն (17-րդ դարից մինչև 1920 թ.), Երևան, 1978:
4. Մարության Ա., Եղիշե Չարենցի չափածոյի լեզուն ոճը, Երևան, 1979:
5. Մարության Ա., Հայոց լեզվի ոճաբանություն, Երևան, 2000:
6. Պապոյան Արտ., Պարույր Սևակի չափածոյի լեզվական արվեստը, Երևան, 1970:
7. Պարտիզունի, Վ., Վահան Տերյան, Երևան, 1968:
8. Սևակ Պ., Երկերի ժողովածու 6 հատորով, հ. 6, Երևան, 1976:
9. Տերյան Վ., Երկերի ժողովածու 3 հատորով, հ. 1, Երևան, 1960: