Հատված
«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության» համաձայն ազգային անվտանգության ներքին սպառնալիքներից է պետական կառավարման համակարգի արդյունավետության նվազումը, դատաիրավական համակարգի նկատմամբ վստահության պակասը: Արդյունավետ պետական կառավարման ոլորտում ազգային անվտանգության ռազմավարության նպատակներն են պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, քաղաքական համակարգի լիարժեք կայացումը, կայունության ապահովումը, ժողովրդավարական արժեքների և առաջին հերթին մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, քաղաքացիական հասարակության զարգացումը: Հաստատութենական (ինստիտուցիոնալ) բարեփոխումները միտված են ժողովրդավարական պետության զորացմանը, պետական կառավարման մարմինների արդյունավետ գործունեության, դատական իշխանության անկախության և անաչառության ապահովմանը, տեղական ինքնակառավարման մարմինների լիարժեք կայացմանը, որոշումների նախապատրաստման և վերահսկողության գործընթացներում քաղաքացիական հասարակության դերի բարձրացմանը, կոռուպցիայի, մասնավորապես ՝ կաշառակերության դեմ պայքարի ուժեղացմանը: Կոռուպցիան սոցիալական չարիք է, որը կազմալուծում է պետական ապարատի նորմալ գործունեությունը, խարխլում է ժողովրդավարության հիմքերն ու իրավակարգը, ոտնահարում մարդու իրավունքներն ու ազատությունները: Կոռուպցիան քայքաիչ ազդեցություն է ունենում բոլոր իրավական ինստիտուտների վրա, ինչի արդյունքում գործող իրավական նորմերը փաստացի փոխարինվում են այն անձանց շահերով թելադրված կանոններով, ովքեր ունակ են ազդել պետական իշխանության ներկայացուցիչների վրա: