Հատված
Էկոլոգիական հիմնախնդիրները մարդու կողմից բնության օրենքների, սկզբունքների անբավարար ճանաչողության և չկանոնակարգված բնօգտագործման հետևանք են: Գյուղատնտեսական արտադրությունը, որը բնական միջավայրի վերափոխման գործում ամենամեծ պահանջ ներկայացնողն է, ուղեկցվում է բուսական և կենդանական աշխարհի կենսամիջավայրի կրճատման, հողածածկի, մթնոլորտային օդի ու ջրային ավազանների աղտոտման տարբեր դրսևորումներով: Ու թեև այդ հիմնախնդիրների սկզբնավորումն ունի հազարամյա պատմություն, սակայն բնական և վերափոխված էկոհամակարգերի մարդածին (մարդու գործունեության հետևանքով առաջացած) ծանրաբեռնվածությունն աննախադեպ մակարդակի է հասել ընթացիկ հարյուրամյակում: Ներկայումս այն արդեն ձեռք է բերել նաև էկոլոգիական ճգնաժամային ու աղետյալ դրսևորումներ: Իրավիճակը սպառնում է ոչ միայն բնական պաշարների` անպետքության աստիճանի հասնող աղտոտմանը, անխնա օգտագործմանը և ոչնչացմանը, այլև կյանքին ու քաղաքակրթությանը ողջ մոլորակի վրա: Հետևաբար գյուղատնտեսության ոլորտի ապագա մասնագետը պետք է լավատեղյակ լինի այդ ոլորտում ծագող կենսոլորտի յուրաքանչյուր բաղադրիչին կապված փոփոխությունների պատճառներին, հետևանքներին և դրանց առնչվող էկոլոգիական խնդիրների լուծման սկզբունքներին, մոտեցումներին: Էկոլոգիական մոտեցումն այլևս կենսական անհրաժեշտություն է կյանքի բոլոր ոլորտներում, և միայն այդ ճանապարհով հնարավոր կլինի կանխել կենսոլորտում սպասվող անդառնալի բացասական փոփոխությունները` ի շահ շրջակա բնական միջավայրի պահպանության և մեր մոլորակի վրա մարդկային սերնդի ապագայի: Անհրաժեշտ է տնտեսական շահերը ոչ թե առաջնահերթել, այլ համաձայնեցնել բնապահպանության գերակա խնդիրներին:
Գրականության ցանկ
Ս.Ջ.Թամոյան, Շրջակա միջավայրի պահպանություն և ագրոէկոլոգիա, 2018թ.
Է.Մ.Հայրապետյան, Հողերի մելորացիան և պահպանությունը, 1990թ.