Հատված
Վեպը Րաֆֆին գրել է 1886 թվականին, երբ ցարական կառավարությունն ու սուլթանական Թուրքիան վարում էին հայահալած, ազգաձուլման քաղաքականություն: 1885 թ. ցարական կառավարությունը փակում է հայկական դպրոցները: Մամուլը, գրականությունը գրաքննության տակ են դրվում: Ըստ Շիրվանզադեի` Րաֆֆին «Սամվելը» գրել է հայկական դպրոցների փակման առիթով: Րաֆֆին նմանություն է տեսնում իր ապրած ժամանակաշրջանի և 4-րդ դարի հանգամանքների միջև: Րաֆֆին կարծում էր, որ ընթերցողը, կարդալով իր նախնիների մեծագործությունների մասին, կհետևի նրանց օրինակին, կընկալի, որ հաղթանակը միայն մեծաքանակ բանակով չի նվաճվում, հաղթանակը ձեռք է բերվում այլ զենքով՝ բարոյական ուժ, մշակույթ, գիր, գրականություն, կրթություն և այլ արժեքներ: Ինչպես 4-րդ դարում Պարսկաստանն ու Բյուզանդիան, այնպես էլ 19-րդ դարի 80-ական թվականներին Ռուսաստանն ու Թուրքիան էին վարում հայահալած քաղաքականություն: Այդպիսի ծանր վիճակում հայերի փրկության ելքը մեկն էր` բարոյական ուժը մարմնավորող լեզուն և մշակույթը: