Հատված
Ցեղակից կարող են համարվել այն լեզուները, որոնք ունեն հիմնական բառային կազմի և քերականության որակ կազմող ծագումնաբանական ընդհանրություններ: Ցեղակցական կապերի և ծագումնաբանական ընդհանրությունների հիման վրա առանձնանում և դասակարգվում են լեզվական տարբեր միավորներ կամ, ինչպես ընդունված է լեզվաբանության մեջ անվանել, լեզվաընտանիքներ: Ուրեմն ցեղակից են համարվում մեկ ընդհանուր հիմքի վրա զարգացած լեզուները, իսկ այդ լեզուների ամբողջությունը կոչվում է լեզվական ընտանիք: Նշված սկզբունքներով աշխարհի լեզուները բաժանվում են մեկ տասնյակից ավելի լեզվաընտանիքների: Դրանցից են` հնդեվրոպական, իբերոկովկասյան, ուգրոֆիննական, աֆրիկյան, ամերիկյան, թուրքական, մոնղոլական և այլն: Միևնույն լեզվաընտանիքի մեջ մտնող լեզուները նրանց միջև եղած ցեղակցական կապերի սերտության հիման վրա կազմում են տվյալ ընտանիքի զանազան ճյուղերը: Հնդեվրոպական լեզվաընտանիքը ամենաբազմալեզու լեզվական ընտանիքներից մեկն է, որը ամենից լավ է ուսումնասիրված. այն բաժանվում է 12 ճյուղի, ինչպիսիք են` հնդիրանական, սլավոնական, գերմանական, թուրքական, խեթական, կելտական, ռոմանական, բալթիական և այլն: