Հատված
«Քաոս» վեպի ամբողջականությունը դրսևորվում է ոչ միայն երկի թեմատիկայի, այլև նրա գործողության հիմքում ընկած գլխավոր կոնֆլիկտի մեջ: Վեպում արտացոլվում է կյանքը՝ իր բազմազան հակասությունների բարդ ցանցով, անհրաժեշտ օրինաչափություններով և հանկարծակի պատահականություններով, հերոսների արտաքին ու ներքին բախումներով: Ըստ Ս. Հակոբյանի՝ «գլխավոր կոնֆլիկտը պայմանավորված է բարոյական, հարազատական զգացմունքների կատարյալ բացակայությամբ և դրամասիրության հիվանդագին, հրեշավոր արտահայտությամբ»: Շիրվանզադեի վեպում Հ. Թամրազյանը գլխավորը համարում է սոցիալական հակասությունները: Տարբերակում է ընտանեկան և սոցիալական կոնֆլիկտները: Վեպում կոնֆլիկտը բազմաճյուղ է, սակայն բոլոր կոնֆլիկտները հավասար հարթության վրա դրված չեն: Գլխավոր կոնֆլիկտը սոցիալական տարբեր խավերի հակասություններն են, սոցիալական կոնֆլիկտը, որը ներգործում է ընտանեկան կոնֆլիկտի վրա: Գլխավոր կոնֆլիկտի ու մյուս կոնֆլիկտների կապի բացահայտումը նպաստում է վեպի գաղափարական իմաստի ընկալմանը: Շիրվանզադեի գաղափարագեղագիտական կառույցում առկա է հայրեր-որդիներ գաղափարական հակադրությունը («Քաոս», «Պատվի համար»): Այն մեծ ծավալով ընդգրկում է սոցիալական մարդու չափումը, բայց «Քաոս»-ում Մարկոս աղա-Սմբատ առնչության դաշտը հստակորեն ներառում է ազգային չափումը: Ժամանակի առանցքային գաղափարական հոսանքների՝ լիբերալ-ազատամիտների և պահպանողականների պայքարի գեղարվեստական արտացոլումներից հատկանշական է նարդոսյան համանուն վեպը՝ հերոսուհու խորհրդանշական ինքնասպանության փաստով: Երկու բևեռների միջև տարուբերվող Մանեի ճակատագիրը չգոյությունն է, անհետացումը. գաղափարական բախումը, ենթադրելով հավանական տարուբերում, հանգուցալուծման մեջ փաստորեն բացառում է բևեռներից որևէ մեկի ընտրության հնարավորությունը. ընտրությունը մահն է: Վեպի սյուժեն սկիզբ է առնում հայր Ալիմյանի կտակից՝ հոգեբանական զուգահեռի վրա դնելով Սմբատ և Միքայել Ալիմյան եղբայրներին: Ընտանեկան հարաբերությունները կոնֆլիկտի հենքով արտացոլում են կերպարներին իրենց ողջ էությամբ: Միքայելը կասկած չուներ, թե կտակը կգրվի իր անունով, քանի որ ավագ եղբայրը օտարվել էր ընտանիքից, ամուսնացել օտարազգի կնոջ հետ, ուրացել էր հայրենի կրոնն ու եկեղեցին: Եվ սակայն հայրը ժառանգությունը կտակում է ավագ որդուն: Ըստ կտակի՝ երկու եղբայրները դրվում են ներքին վերափոխության հոգեբանական կացության մեջ. Սմբատը պետք է վերանայերւ իր ապազգային գաղափարները, բաժանվեր օտարազգի կնոջից ու երեխաներից և կազմեր նոր ընտանիք հայկական եկեղեցու օրենքով, Միքայելը պետք է օրինավոր մարդ դառնար և հայ քրիստոնյա աղջկա հետ ամուսնանար:
Գրականության ցանկ
1. Թամրազյան Հ., Ա. Շիրվանզադե, Կյանքը և գործը, Երևան, 1978:
2. Հակոբյան Ս., Շիրվանզադե, Թիֆլիս, 1911:
3. Հայ գրականության պատմություն, հ. 2, Երևան, 1951:
4. Մկրտչյան Վ., Շիրվանզադեի ռեալիստական արվեստի մի քանի բնորոշ գծերը, Պատմաբանասիրական հանդես, Երևան, 1959, N 1:
5. Շիրվանզադե, Երկերի ժողովածու, հ. 10, Երևան, 1962:
6. Շիրվանզադե, Երկերի ժողովածու, հ. 8, Երևան, 1961:
7. …