Հատված
Հոգեբանության մեջ բազմաթիվ հետազոտությունների արդյունքները վկայում են, որ մարդու կյանքում եղած բազմաթիվ խնդիրների արմատները տանում են դեպի մանկություն։ Հասարակության մեջ մարդու ինքնահաստատման, սոցիալական դերի ու սոցիալ-հոգեբանական հարմարման, ադապտացման առանձնահատկությունները պայմանավորված են նախադպրոցական տարիքում սոցիալ-հոգեբանական հարմարման առանձնահատկություններով։ Նախադպրոցական տարիքի երեխայի հոգեկան զարգացմանն առնչվող առավել տարածված խնդիրներից են վախերը, տագնապայնությունը, անվստահությունը, որոնց առաջացման պատճառների թվում են նաև ադապտացման հետ ունեցած խնդիրները, ուստի շատ արդիական է ադապտացման խնդիրների ուսումնասիրությունը նախադպրոցական տարիքի երեխաների մոտ, որոնց մոտ այդ տարիքում ձևավորվող սոցիալ-հոգեբանական խնդիրները, եթե ժամանակին չեն լուծվում, արդեն հասուն տարիքում լուրջ հետևանքներ են ունենում:
Յուրաքանչյուր տարիքային փուլի համար բնորոշ են արտաքին օբյեկտիվ իրականության ոլորտներ կամ օբյեկտներ, որոնք երեխաների մեծամասնության մոտ առաջացնում են ադապտացման խնդիրներ, որոնց տարիքային դրսևորումները առավել նշանակալից սոցիալական պահանջմունքների հետևանք են: Երեխային ճիշտ ուղղորդելու դեպքում յուրաքանչյուր տարիքային փուլից նա դուրս կգա առավել հասունացած և ադապտատիվ նոր մեխանիզմներ ձեռք բերած:
Նախադպրոցական տարիքի երեխաների մոտ սոցիալ-հոգեբանական հարմարման դժվարությունները նախադպրոցական ուսումնական հաստատություններում չի կարելի անուշադրության մատնել, քանի որ չբացահայտված և հոգեբանական շտկման չենթարկված խնդիրներ կարող են անձի զարգացման գործընթացում առավել բարդ խնդիրների պատճառ հանդիսանալ, անբարենպաստ հոգեսոմատիկ ազդեցություն ունենալ հետագայում, ինչպես նաև խնդիրներ առաջացնել ծնող-երեխա փոխհարաբերություններում: Բացի այդ, նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների հետ տարվող հոգեբանական աշխատանքը չափազանց արդիական է այն առումով, որ այս տարիքում են ձևավորվում երեխաների սոցիալական դերերի յուրացման գործընթացը, հուզական ոլորտը, երեխան սովորում է արտահայտել իր կարիքները, և եթե դրա հետ կապված խնդիրները ժամանակին չլուծվեն կամ կանխվեն, ինչը հաճախ լրացուցիչ աշխատանք է պահանջում նաև երեխաների ծնողների հետ, հետագայում երեխան հուզական և հոգեկան զանազան խնդիրների առաջ կարող է կանգնել: Այս ամենը այսօր առավել դյուրին է դարձել այնպիսի ծառայությունների միջոցով, ինչպիսին է սոցիալական աշխատանքը:
Ասվածով էլ պայմանավորված է թեմայի արդիականությունն ու ուսումնասիրման հրատապությունը, քանի որ ժամանակակից կյանքի ռիթմով պայմանավորված՝ ծնողներն առավել քիչ ժամանակ են անցկացնում երեխաների հետ, հետևաբար մանկապարտեզում երեխայի սոցիալ-հոգեբանական հարմարման առանձնահատկությունների ուսումնասիրումն ու մանկավարժ-ծնող համատեղ աշխատանքը վկայում է, որ կարելի է էականորեն լուծել քննարկվող խնդիրը:
Գրականության ցանկ
1. Անձի ինքնաիրացման հիմնախնդիրը: Ուսումնաօժանդակ ձեռնարկ / Վ. Ռ. Պապոյան, Է. Ա. Գրին, Ա. Ս. Գալստյան և ուրիշ., խմբ.` Ս. Ս. Ամիրյան. Հեղինակներ` Վ. Ռ. Պապոյան, Է. Ա. Գրին, Ա. Ս. Գալստյան, Ե. Բ. Մուրադյան, Դ. Յ. Սարգսյան, Է. Ա. Մուրադյան, Լ. Լ. Լաչինյան. — Եր.: ԵՊՀ հրատ., 2011.
2. «Հոգեբանի դերը դպրոցի կառավարչական խնդիրների լուծման գործում» Լաչինյան Լ., «Դպրոցական հոգեբանական ծառայության հիմնախնդիրները» գիտաժողովի նյութեր. – Եր.: «Գրիգոր Տաթևացի» հրատ., 2014. – 270 էջ, էջ 60-67
3. Խուդոյան Ս., Անձի զարգացման ճգնաժամային տարիքները, Երևան, 2004
4. Худоян С., Особенности самосознания детей дошкольного возраста, кризис трех лет и некоторые психопатологические феномены этого возраста / С.С. Худоян // Психологический журнал. – 2009. – №1(21). – С. 53-56
5. Грабенко Т.М., Зинкевич-Евстигнеева Т.Д. Коррекционные, развивающие и адаптирующие игры. — СПб.: Детство-Пресс, 2002.
6. Божович Л. И., Личность и ее формирование в детском возрасте. (Психологическое исследование.) М., Просвещение, 1968