Հատված
Ուղղագրությունը ճիշտ գրելու կանոնների ամբողջությունն է: Այդ կանոնները ստեղծելիս հաշվի են առնվում հնչման ու տառագրության բոլոր առանձնահատկությունները: Ինչպես նշում է Ա. Սուքիասյանը, «սովորաբար լեզվի հնչյունական համակարգի և այբուբենի լրիվ համապատասխանություն գոյություն չունի: Տառերի գործածությունը կարգավորվում է ուղղագրությամբ մշակված կանոնների միջոցով»:
Ուղղագրության կանոններ սահմանելիս հաշվի են առնվում ոչ միայն տառագրության նորմաները, այլև բառերի ու բառաձևերի նշանակությունը: ստեղծվում են գրության խմբեր, որոնց ամփոփման շնորհիվ սահմանվում են ուղղագրության կանոններ:
Հայերենի ուղղագրության մեջ մտնում են.
1. ձայնավորների և բաղաձայնների ուղղագրությունը,
2. երկհնչյունների ուղղագրությունը,
3. քերականական ուղղագրությունը:
Ուղղագրական կանոնները ձևակերպվում են ըստ լեզվի հնչույթային համակարգի և որոշակի ժամանակի համար ընդհանուր ընդունելություն գտնելով` պարտադիր են դառնում բոլորի համար:
Հայոց լեզվի ուղղագրությունը կապվում է հայ գրի և գրականության ստեղծման հետ և նախապես եղել է հնչյունային ուղղագրություն: Ըստ այդմ էլ հին հայերենում՝ գրաբարում, բառերը գրվել են այնպես, ինչպես արտասանվել են, օրինակ՝ մարդ, լոյս, զուարթ, ծառայ և այլն: Այդ ուղղագրությունը, որը կոչվում է գրաբարյան կամ հին ուղղագրություն, որով էլ մեծածավալ գրականություն է ստեղծվել, միշտ նույնը չի մնացել, և, պայմանավորված լեզվի հնչյունական կազմում տեղի ունեցող փոփոխություններով, իր հերթին նույնպես որոշակի փոփոխություններ է կրել:
Միջին դարերում հայերենի այբուբենում ավելացվել են օ և ֆ տառերը, որոնցից վերջինով գրվում են ֆ հնչյունն ունեցող փոխառյալ բառերը, իսկ օ–ով՝ բաղաձայնից առաջ գրաբարյան աւ երկբարբառը:
Հայտնի է, որ ժամանակի ընթացքում ընդհանրացել են մի քանի տառերի, ինչպես ՝ վ-ի, ւ-ի և ու-ի, ե-ի և է-ի, յ-ի և հ-ի հնչումները: Այդ պատճառով նույնիսկ գրաբարյան հին բնագրերում հաճախ խախտվել է դրանց ուղղագրությունը:
Գրաբարի հնչյունական ուղղագրությունը ճիշտ նույնությամբ չի պահպանվել միջին հայերենում: Վերջինս ունեցել է իրեն բնորոշ ուղղագրությունը, որը, խարսխվելով հիմնականում գրաբարյան ուղղագրության վրա, հատկանշվել է ավելի մեծ տարաձայնություններով ու շեղումներով: Սա էլ հիմք է տալիս միջին հայերենյան ուղղագրությունը համարելու հայոց լեզվի ուղղագրության պատմության երկրորդ շրջանը, որին էլ հաջորդում է նոր հայերենի՝ աշխարհաբարի ուղղագրությունը, մի ուղղագրություն, որն իր կանոններով ու օրենքներով ոչ թե միջին հայերենի, այլ դասական գրաբարի ուղղագրության հետ է առնչվում և դրա յուրահատուկ շարունակությունը կազմում:
Գրականության ցանկ
1. Ավետիսյան Յու., Զաքարյան Հ., Հնչյունաբանություն, ուղղախոսություն, ուղղագրություն, Երևան, 2007:
2. Բաղրամյան Ռ., Հայերենի ուղղագրությունը և նրա ուսուցման հարցերը, Երևան, 1957:
3. Գասպարյան Մ., Քերականության և ուղղագրության ուսուցումը տարրական դասարաններում, Երևան, 1954:
4. Գյուլամիրյան Ջ., Մայրենիի տարրական ուսուցման մեթոդիկա, Երևան, 2015:
5. Գյուլամիրյան Ջ., Արտագրությունների, թելադրությունների, փոխադրությունների, շարադրությունների ձեռնարկ, Երևան, 2003:
6. Գյուլամիրյան Ջ., «Մայրենի-2» դասագրքի մեթոդական ուղեցույց, Երևան, 2004: