Հատված
Հանրակրթության պետական կրթակարգում, ինչպես նաև մայրենիի տարրական դասարանների ծրագրում խոսքի զարգացման խնդիրներին կարևոր տեղ է հատկացվում։ Ըստ նշված փաստաթղթերի` կրտսեր դպրոցականները պիտի գիտակցորեն (հասկանալով) կարողանան կառուցել խոսքային տեքստեր` համաձայն հաղորդակցության խնդիրների (ինչպես բանավոր, այնպեսէլ գրավոր)։
Խոսքը՝ որպես այդպիսին, առաջանում է դեռ մանկական տարիքում մանկական թոթովանքների, տառերի, բառերի միջոցով և գնալով բարդանում է: Խոսքային գործունեությունը բարդ երևույթ է. այն ունի լեզվաբանական, հոգեբանական, ֆիզիոլոգիական, փիլիսոփայական, սոցիոլոգիական և այլ տեսանկյուններ և դիտարկվում է համապատասխան գիտակարգերի կողմից: Բանավոր խոսքը պատմականորեն նախորդում է գրավորին, ունի խոսակցական-արտասանական իրացում: Այն հիմնականում բարձրաձայն խոսողություն է. կարելի է ձայնագրել ու վերարտադրել, հաղորդել տեխնիկական միջոցներով (հեռախոս, ռադիո): Որոշակի է սրա պայմանավորվածությունը խոսքային իրադրությամբ, մասնավորապես՝ հաղորդակցվողների փոխհարաբերությամբ, հաղորդողի հոգևիճակով, տրամադրությամբ:
Գրավոր խոսքը գրի առնված, գրավոր տեքստի վերածված խոսքն է. իրացվում է գրային պայմանական նշանների գործադրումով (ձեռքով), ընկալվում է տեսողությամբ կամ շոշափելիքով: Այս դեպքում խոսքային իրադրություն ստեղծվում է մտովի, ոչ իրականում: Զուրկ է բանավորին հատուկ կառուցվածքային ու ոճաարտահայտչական հնչերանգային որոշ հատկանիշներից: Կարևոր դեր են ստանում գրության եղանակները, կետադրությունը: Սովորաբար ունենում է վերնագիր (խորագիր): Հաղթահարում են բանավոր խոսքի ժամանակային ու տարածական սահմանափակությունները:
Գրավոր խոսքի ուսուցումն անբաժանելի կերպով կապված է բանավոր խոսքի, կարդալու և քերականության ուսուցման հետ: Գրավոր խոսքի զարգացմանը, ինչպես նշվում է, լեզվի ուսուցման գործում վերապահված է ամենամեծ դերը:
Գրականության ցանկ
1. Բագումյան Լ., Բանավոր խոսքի զարգացումը տարրական դպրոցում, «Մանկավարժական միտք», 2015, N3-4:
2. Բաղրամյան Ռ., Հայերենի ուղղագրությունը և նրա ուսուցման հարցերը, Երևան, 1957:
3. Գալստյան Ա., Շարադրությունը որպես կրտսեր դպրոցականի խոսքի զարգացման միջոց, «Մանկավարժական միտք», 2015, N1-2:
4. Գյուլամիրյան Ջ., Հայոց լեզվի տարրական ուսուցման մեթոդիկա, Երևան, 2006:
5. Գյուլբուդաղյան Ս., Ակնարկներ հայոց լեզվի մեթոդիկայի, Երևան, 1970:
6. Գյուլբուդաղյան Ս., Հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա, Երևան, 1987:
7. Էդիլյան Գ., Հայոց լեզվի մեթոդիկա, Թիֆլիս, 1923: