Հատված
Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի ընդհանուր արժեքը նախնական գնահատմամբ կազմում է 24 մլն եվրո, որից 8 մլն եվրո վարկը տրամադրում է Եվրոպական (ԵՆԲ) ներդրումային բանկը, 8 մլն եվրո՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) որպես վարկ և 8 մլն եվրո՝ դրամաշնորհ ԵՄ Հարևանության ներդրումային գործիքի միջոցներից: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել նախագծում, կառուցում և շահագործում մրցույթի հիման վրա, իսկ ծրագրի պատրաստման համար հիմք են հանդիսացել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից դրամաշնորհային միջոցներով ներգրավված միջազգային խորհրդատուի կողմից իրականացված իրագործելիության արդյունքերը: Ծրագրում օգտագործված մոտավոր ցուցանիշների հստակեցումը հնարավոր կլինի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման փուլում: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից՝ շուրջ 29 հա տարածքում նախագծել, կառուցել և շահագործել եվրոպական չափանիշներին /1999թ. ապրիլի 26-ի ԵՄ հրահանգ/ համապատասխան նոր աղբավայր, ինչպես նաև նույն չափորոշիչներին համապատասխան մեկուսացնել առկա աղբավայրի /աղբավայրերի/ տարածքները: Հետագայում հավաքված հոսքաջրերն օգտագործվելու են աղբի ցողման համար, որի նպատակն է, պահպանելով աղբի կենսաբանական քայքայման պրոցեսը, ապահովել գազի մշտական արտադրություն: Թափոնների զանգվածից գազերի հավաքումը կատարվելու է գազի հորերի միջոցով, որոնք միացվելու են գազահավաք խողովակներին: Գազահավաք խողովակները խտուցքահավաքիչի միջոցով գազը տանելու են դեպի գազի այրում: Գազի այրման համար այլընտրանք կարող է լինել գազի, որպես էներգիայի արտադրիչի, կիրառումը: Այդ էներգիան կարող է կիրառվել ինչպես ներքին սպառման կարիքները հոգալու, այնպես էլ՝ ընդհանուր օգտագործման համար՝ կախված առաջացող գազերից էլեկտրաէներգիայի ստացման քանակից: Նոր աղբավայրն առանձնացված է լինելու ցանկապատով, զինված է լինելու աղբի կշեռքով և անվադողերի լվացման համակարգով, աղբի տոփանման և հարթեցման համար անհրաժեշտ համապատասխան մեքենա-մեխանիզմներով: Նախատեսվում է կառուցել նաև աղբավայրի պատշաճ մուտ/ելք, սպասարկման վարչական շենք, թափոնների, հոսքաջրերի և վերգետնյա ջրերի վերլուծության լաբորատորիա և այլ ենթակառուցվածքներ:
Գրականության ցանկ
1. ՀՀ Կառավարության 2016թ.դեկտեմբերի 8-ի նիստի N49 արձանագրային որոշում:
2. ՀՀ ԱՎԿ, Տարեգիրք 2020թ., Շրջակա միջավայր:
3. Հայաստանի բնապահպանական վիճակագրությունը 2019 թվականին եվ ցուցանիշների 2015-2019թթ. շարժընթացը:
4. ԱԶԲ 2010թ. Կոշտ թափոնների կառավարման հիմնական զարգացման համար մարտահրավերների բացահայտումը և նախագծի սկիզբը. Խորհրդատուի զեկույցը, Մանիլա /TA 7635-REG/:
5. ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոն (2020)։ Թափոնների կառավարումը Հայաստանում։ Հայաստանի ամերիկյան համալսարան և «LIFE» հիմնադրամ:
6. Васенков О.Г. Социально-экономические проблемы управления образованием и использованием твердых бытовых отходов: Автореф. дисс. канд. экон. наук. М.: Институт микроэкономики, 2003. — 20 с.
7. …