Հատված
Խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու հանցակազմը որոշակի հատկանիշներով նման է խարդախությանը, ուստի հարկ ենք համարում անդրադառնալ նաև հետևյալ հանցակազմերի սահմանազատմանը: Խարդախությունը` որպես հափշտակության տարատեսակ, ենթադրում է խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքը ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով վերցնելը և այն հանցավորինը կամ այլ անձինը դարձնելը, եթե վերջիններս այդ գույքը տնօրինելու կամ օգտագործելու փաստացի հնարավորություն են ունեցել: Հափշտակությունն անխուսափելիորեն հանգեցնում է նյութական բնույթի որոշակի բացասական հետևանքների, որոնք հանդես են գալիս իրական նյութական վնասի ձևով` առաջացնելով սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի գույքի իրական նվազում: Թե՛ խարդախությունը և թե՛ գույքային վնաս պատճառելը սեփականության դեմ ուղղված հանցագործություններ են, սուբյեկտիվ կողմից դրսևորվում են ուղղակի դիտավորությամբ, իսկ օբյեկտիվ կողմից՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով: Սակայն, ի տարբերություն խարդախության՝ գույքային վնաս պատճառելու դեպքում բացակայում են հափշտակության հատկանիշները, այն է՝ ուրիշի գույքն ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով վերցնելը և այն հանցավորինը կամ այլ անձինը դարձնելը, եթե վերջիններս այդ գույքը տնօրինելու կամ օգտագործելու իրական հնարավորություն են ունեցել: Խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու հանցակազմը նույն եղանակով կատարվող հափշտակությունից՝ խարդախությունից, տարբերակելու հիմնական հատկանիշն այն է, որ քննարկվող հանցագործության առարկան կամ չի գտնվում սեփականատիրոջ (այլ տիրապետողի) ֆոնդում և վնասը դրսևորվում է բաց թողնված օգուտի ձևով, կամ գտնվում է այդ ֆոնդում, սակայն վնասը դրսևորվում է գույքի մաշվածության կամ հանցավորի գործողությունների հետևանքով սեփականատիրոջ (այլ տիրապետողի) համար առաջացած օրինական պարտավորությունների կատարման հետևանքով: Քննարկվող հանցակազմի դեպքում բացակայում են խարդախության հանցակազմի այնպիսի պարտադիր հատկանիշներ, ինչպիսիք են ուրիշի գույքը սեփականատիրոջ ֆոնդից վերցնելը և հանցավորինը կամ այլ անձինը դարձնելը։ Այսպես՝ խարդախությունը դրսևորվում է ուրիշի գույքը վերցնելով և այն հանցավորինը կամ այլ անձինը դարձնելով։ Այլ խոսքով՝ խարդախության առարկան փաստացի կամ իրավաբանորեն սեփականատիրոջ կամ օրինական տիրապետողի ֆոնդում գտնվող գույքն է, որը դուրս է գալիս նրա ֆոնդից և մուտք է գործում հանցավորի կամ այլ անձի ֆոնդ։
Գրականության ցանկ
1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, ՀՀՊՏ 2015.12.21:
2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրք, ՀՀՊՏ 2003.05.02/25(260):
3. Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգրքի նախագիծ:
4. Լիա Ավետիսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0176/01/09 որոշում:
5. ՀՀ Վճռաբեկ դատարանի 2013 թվականի սեպտեմբերի 13-ի որոշումը ԵԿԴ/0087/01/12 գործի վերաբերյալ, 31-րդ կետ:
6. Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի Մ. Հակոբյանի վերաբերյալ 2013 թ. մայիսի 8-ի ԵԿԴ/0168/01/12 որոշում:
7. …