Հատված
1956 թ. նոյեմբերի 29-ին՝ Հայաստանի խորհրդայնացման տարեդարձի օրը, հեռարձակվեց հայկական հեռուստատեսության առաջին փորձնական հաղորդումը: Եթերը բացեց հայկական էկրանի առաջին հաղորդավար Նառա Շլեպչյանը: Ցուցադրվեց մեկ գեղարվեստական կինոնկար և Մոսկվայում տեղի ունեցած հայկական գրականության ու արվեստի տասնօրյակի եզրափակիչ համերգին նվիրված կինոնկար:
Իր գոյության առաջին տարիներին (առաջին եթերը՝ 1957 թ. Փետրվարի 9) հայկական հեռուստատեսությունն ուներ հասարակական-քաղաքական և գեղարվեստական հաղորդումներ: Առաջին մեկ տարվա ընթացքում հեռուստատեսությունը եթեր էր հեռարձակում հիմնականում առանձին թատերական ներկայացումներ, որոնք բեմադրվում էին հանրապետության թատրոններում:
«Այսպես, արդեն գործունեության 8-րդ ամսում խմբագրությունը մեկը մյուսի հետևից բեմադրեց Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» պիեսը, Լերմոնտովի «Դիմակահանդես» դրաման՝ հայ բեմի նշանավոր դեմքեր Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Ավետ Ավետիսյանի, Մետաքսյա Սիմոնյանի, Բաբկեն Ներսիսյանի դերակատարումներով:
Դեկտեմբերի 23-ին խմբագրությունը հեռուստադիտողին ներկայացրեց Մ. Շոլոխովի «Մարդու ճակատագիրը» պատմվածքը, 1958թ. մարտի 29-ին՝ Մ. գորկու «Պեպե» պատմվածքը, մայիսի 30-ին՝ Րաֆֆու «Սամվել» վեպի հեռուստատեսային բեմադրությունները»:
1958-62 թթ. հեռուստատեսությունը հեռուստադիտողներին է ներկայացրել շուրջ 30 բեմադրություններ:
Հեռուստատեսային այս առաջին թողարկումներն իրենց ուրույն ոճով տարբերվում են մերօրյա մշակութային հաղորդումներից: Դրանք հնարավորություն էին տալիս հեռուստադիտողներին վայելել թատերական ներկայացումները տանից: Դրանց առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ ներկայացնում էին դասական գրողների գործերը՝ դրանով իսկ նպաստելով հայ մանուկների կրթության և համաշխարհային գրողների ստեղծագործություններին ծանոթացնելու գործին:
«1958 թ. Հայաստանի հեռուստատեսություն ոտք դրեց երիտասարդ, բայց և ռեժիսորական աշխատանքի բավականին փորձ ունեցող Էլմիրա Հեքեքյանը, որը կարճ ժամանակամիջոցում ստեղծեց յուրօրինակ, հիշարժան հաղորդումներ՝ «Ժողովրդական արտիստ Ցոլակ Ամերիկյան», «Անուշի կերպարը երաժշտության մեջ և կերպարվեստում», «Լենինականի դրամատիկական թատրոնի զարգացման ուղիները», «Տարիներ անց», որոնք իբրև նոր խոսք գնահատվեցին հեռուստատեսային արվեստում:
Է. Հեքեքյանի ռեժիսորական հմտությունները դրսևորվեցին նաև մանուկների ու պատանիների համար ստեղծված «Զրույցներ գեղագիտության մասին», «Գեղեցիկի աշխարհում», «Ուրախ խաղեր», «Մանկական օգոնյոկ» և այլ հաղորդաշարերում, իսկ 1964 թ. նրա նկարահանած «Մինչև 16 տարեկաններին թույլատրվում է …» կինոնկարն արժանացավ համամիութենական կինոփառատոնի առաջին մրցանակին և 1965-ին՝ Պրագայի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմին»:
Գրականության ցանկ
1. Երևան, 29 նոյեմբերի, 2011թ., Արմենպրես, http: //armenpress.am/arm/news/670303/1956-t-noyemberi-29-in-herardzakvec-haykakan-herustatesutyan.html
2. Ստեփան Մարության, Եթերում Երևանն է, փաստավավերագրական հոդված, Երևան, Նաիրի 1998, 124 էջ