կրթություն

Բյուջետային բարձրագույն կրթություն Եվրոպայում

Հաճախ արտասահմանում կրթություն ստանալու ցանկություն ունենալիս մենք դիտարկում ենք ոչ միայն այս կամ այն երկրի բարձրագույն ուսումնական հաստատության ակադեմիական հեղինակությունը, այլև ուսման վարձի սահմանաչափը։ Առաջին հայացքից, մշտապես թվում է, թե արտասահմանում կրթությունը բավական թանկարժեք է։ Սակայն, այսպես օրինակ, Եվրոպայում կան բուհեր, ուր ուսումը համեմատաբար մատչելի է։

Եվ այսպես, ո՞ր երկրներում կան այդպիսի բուհեր։

Գերմանիա

Այստեղ պետական բուհերում օտարերկրացի ուսանողների համար կրթությունը անվճար է։ Թեև որոշակի վճար առկա է, որի չափն էլ արդեն պայմանավորված է դաշնային հողից։ Մասնավոր բուհերն, ընդհակառակը, վճարովի են, սակայն միջինում տարեկան վարձը կազմում է մոտ 1500 եվրո։ Բնականաբար, ուսումնական պրոցեսը մեծամասամբ գերմաներենով է։ Ուստի եթե ցանկություն ունեք սովորելու Գերմանիայում, ապա նախապես անցեք գերմաներենի կուրսեր։ Կրթությունն այնտեղ շարունակել ցանկացողների համար լավ հնարավորություններ է ստեղծում գերմանական բուհերի և ուսանողության միավորումը՝ DAAD-ն, որն իր գրասենյակն ունի նաև Հայաստանում։

Ֆրանսիա

Ֆրանսիայում օտարերկրացիները չեն կարող հավակնել ամբողջովին անվճար ուսում ստանալուն, սակայն կան մի շարք ծրագրեր, որոնք աջակցում են արտասահմանցի ուսանողներին առավել մատչելի դարձնելով կրթությունը։ Իհարկե, ապրուստին ուղղված ծախսերը մեծ քաղաքներում զգալիորեն տարբերվում են փոքր բնակավայրերից, բայց և դա չի վերաբերում կրթության որակին։ Եթե ցանկանում եք շարունակել ուսումը Ֆրանսիայում, ապա Ձեզ կարող է օգտակար լինել Campus France-ը։

Իսպանիա

Իսպանիայում բարձրագույն կրթությունը ամբողջովին վճարովի է․ պետական բուհերում վարձը համեմատաբար ավելի մատչելի է, քան մասնավորներում։ Այսպես, պետական բուհերում ուսման վարձը սկսում է նվազագույնը 700եվրոյից՝ հասնելով 1500-2000եվրոյի։ Մասնավոր բուհերում տեղացի և արտասահմանցի ուսանողների համար գնային քաղաքականությունը չի տարբերվում: Բացի այդ՝ 2014թ․ Իսպանիայում հանել են Selectividad կոչվող ընդունելության քննությունը, ինչն ավելի է հեշտացրել օտարերկրացիների համար ընդունվելու գործընթացը։

Չեխիա

Չեխիայում ինչպես ԵՄ բնակիչների, այնպես էլ բոլոր օտարերկրացիների համար կրթությունը, որն անցկացվում է չեխերենով, անվճար է։ Իսկ եթե, օրինակ, ցանկություն եք հայտնում անգլերենով անցնել դասապրոցեսը, ապա այն Ձեզ կարժենա 2700-7000եվրո։ Ընդհանուր առմամբ, ԵՄ մյուս երկրների համեմատ Չեխիայում թե՛ կրթությունը, թե՛ ապրուստի ծախսերը շատ ավելի մատչելի են։